Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար ստեղծել լավագույն պայմանները: Եթե ​​ձեր բնակարանում երեխայի համար հնարավոր է առանձին սենյակ հատկացնել, ապա տան այդ հատվածում կահույքի ընտրությանը պետք է հատկապես պատասխանատվությամբ մոտենալ։

Մանկական սենյակի առանձնահատկությունները

Ամենակարևորը՝ սենյակը պետք է ընդարձակ լինի։ Երեխային անհրաժեշտ է բավականաչափ տարածք՝ խաղի, ընկերներին հյուր ընդունելու, ազատ տեղաշարժվելու համար: Խորհուրդ չի տրվում մանկական սենյակը խճճել ինտերիերի անպետք իրերով, իսկ կահույքի հավաքածու ընտրելիս նախապես պետք է կողմնորոշվել, թե արդյոք այն կտեղավորվի սենյակում՝ բավականաչափ ազատ տեղ թողնելով: Մահճակալի, պահարանների, գզրոցների չափերը պետք է լավագույն կերպով համապատասխանեն սենյակի չափերին և ամենակարևորը՝ երեխայի տարիքին: Օրինակ՝ խաղալիքների պահարանը պետք է լինի երեխային հարմար բարձրության վրա, որպեսզի երեխան ինքնուրույն կարողանա վերցնել կամ դնել խաղալիքները։

Մանկական սենյակում կահույքը կատարում է շատ կարևոր գործառույթ՝ պայմանականորեն բաժանում է սենյակը տարբեր գոտիների: Խաղահրապարակ, քնելու հատված թե ուսումնական անկյուն՝ ամեն ինչ պետք է հնարավորինս հարմար դասավորել։ Միևնույն ժամանակ, տարբեր մոդուլների ռացիոնալ դասավորությունը թույլ կտա մտածված օգտագործել սենյակի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը:

Մանկական կահույքին ներկայացվող պահանջները

Մանկական կահույքին ներկայացվող ամենակարևոր պահանջը, թերևս, անվտանգությունն է: Անվտանգության առաջին նախապայմաններից է սուր անկյունների և ապակե մակերեսների բացակայությունը՝ վնասվածքներից խուսափելու համար, քանի որ  երեխաների մեծ մասը շարժուն է և մեծ է ընկնելու կամ ինչ-որ բան կոտրելու հավանականությունը:

Երկրորդ կարևոր նախապայմանն է մանկական կահույքի հումքը: Մանկական կահույքի պատրաստման համար օգտագործվող նյութերը պետք է լինեն էկոլոգիապես մաքուր. անթույլատրելի են սոսնձի վնասակար գոլորշիների կամ այլ քիմիական արտանետումները:

Բայց կա ևս մեկ ոչ պակաս կարևոր բան՝ էսթետիկան։ Եթե ​​երեխան մանկուց վարժվել է գեղեցկությանը, նա արագ կսովորի գնահատել գեղեցկությունը։ Նրա սենյակի կահույքն անպայման պետք է զվարթ, գեղեցիկ տեսք ունենա։ Որպես կանոն, խորհուրդ է տրվում մանկական սենյակի համար կահույք գնելիս ընտրել բաց, հանգստացնող գույները, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում երեխայի ձևավորվող ներաշխարհի վրա։

Մանկական սենյակում ապահով, հարմարավետ և գեղեցիկ միջավայրն արդեն իսկ ձեր երեխայի լավ տրամադրության գրավականն է։ Համաձայնե՛ք, որ հաճելի է քնել և արթնանալ, խաղալ և հանգստանալ մի սենյակում, որն առաջացնում է ուրախության և ապահովության զգացում։