Թեև ննջասենյակի ինտերիերը պահանջում է կահույքի նվազագույն քանակություն, այնուամենայնիվ, դրա ընտրությանը պետք է մոտենալ հատուկ խնամքով, քանի որ ննջասենյակն այն վայրն է, որտեղ մարդը հանգստանում է: Գիտնականներն ապացուցել են, որ ննջասենյակի ինտերիերն ուղղակիորեն ազդում է մարդու հոգեկանի վրա, նույնիսկ երբ նա փակ աչքերով է: Քնի որակը և քնած մարդու առողջությունն ուղղակիորեն կախված են ճիշտ մաճակալի ընտրությունից: Ուստի, յուրաքանչյուր կահույք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների՝ հարմարավետություն, գույն, չափ, ֆունկցիոնալություն և այլն:
Մահճակալ: Մահճակալը ննջարանի սիրտն է: Մահճակալի արտաքին տեսքն անմիջականորեն կախված է ննջարանի ինտերիերից, իսկ չափսերի հարցում հարկավոր է ուշադիր լինել և կահույքի սրահ գնալուց առաջ չափումներ անել, որպեսզի մահճակալն անպայման տեղավորվի սենյակում։ Մահճակալ ընտրելիս ուշադրություն դարձրեք ամրությանն ու անվտանգությանը: Ինչ վերաբերում է մահճակալի հիմնակմախքին, ապա առավել դիմացկուն են մետաղը և փայտը: Մահճակալի հարմարավետությունը հիմնականում կախված է ներքնակից: Մասնագիտացված խանութներում առկա է օրթոպեդիկ ներքնակների մեծ տեսականի, և հնարավոր է ընտրել ձեր մահճակալին համապատասխան չափսը:
Ննջասենյակի կահույքի այլ մոդուլներ և աքսեսուարներ: Ննջասենյակի համար կահույք ընտրելիս ցանկալի է ձեռք բերել ողջ հավաքածուն, որը սովորաբար բաղկացած է լինում մի զույգ փոքր պահարաններից և կոմոդից։ Շատ մահճակալներ վաճառվում են կողքի սեղանների, պահարանի և այլ մոդուլների հետ միասին, որոնք պատրաստված են լինում նույն ոճով, բայց կցված չեն լինում, որպեսզի հնարավոր լինի վերադասավորել սենյակում:
Ըստ ցանկության կարելի է ձեռք բերել նաև աքսեսուարներ: Օրինակ՝ դուք կարող եք սենյակը զարդարել հայելիներով և տեսանելիորեն ընդլայնել տարածքը: Բացի դրանից, հայելիները նաև նորաձև են:
Ննջասենյակի ինտերիերը հագեցնելու համար կարող եք պատերին փակցնել նկարներ, դարակների վրա դնել ծաղկամաններ, հուշանվերներ, մոմակալներ, հատակը ծածկել գորգով: Մեր օրերում ննջարանի կահույքի անփոխարինելի մաս է դարձել նաև հեռուստացույցը:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Բնականաբար, կահույք ընտրելիս ուշադրություն ենք դարձնում ոչ միայն դրա գնին, կոնֆիգուրացիային ու պարամետրերին, այլև առաջին հերթին՝ գույնին։ Ննջասենյակում վառ գույները տեղին չեն, բացառություն կարող են լինել շեշտադրումները, թեև այս դեպքում էլ շատ զգուշորեն պետք է օգտագործել դրանք: Որպես կանոն, ննջասենյակի ինտերիերի համար ընտրվում են հանգիստ, պաստելային գույներ։ Ցանկացած դեպքում հարկավոր է հաշվի առնել ննջարանի ինտերիերի գունային գամման և կահույքն ընտրելիս խորհրդակցել կահույքի սրահի մասնագետների կամ ինտերիերի դիզայների հետ:
Սա կարևոր է, քանի որ մեկ անգամ ճաշակով կատարված ընտրության շնորհիվ ննջարանը կդառնա հնարավորինս հարմարավետ, հաճելի, գեղեցիկ ու ցանկալի վայր Ձեզ համար: